ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Հայ գեղանկարիչների պլեներային այցը Հնդկաստան

Հայ գեղանկարիչների պլեներային այցը Հնդկաստան
11.04.2013 | 13:35

Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Հնդկաստանի առեղծվածային անդրադարձումները» խորագրով ցուցահանդես: Ներկայացված են Անատոլի Ավետյանի, Վարդան Ավետյանի, Սուրեն Խորենյանի և Վլադիմիր Սիմոնյանի ստեղծագործությունները: Ցուցահանդեսը նվիրվում է Հայաստանի ու Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին, որը լրացավ անցյալ տարի:

Նշենք, որ ՀՀ նկարիչների միության չորս նկարիչները վերջերս Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի աջակցությամբ և «Լոտոս» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ (նախագահ` Մարինե Պապյան) երկշաբաթյա պլեներային այցով եղել են Հնդկաստանում, և ցուցահանդեսը նաև նրանց աշխատանքների հաշվետվություն է:
Մարինե Պապյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նկարիչները եղել են Հնդկաստանի հինգ քաղաքներում` Դելի, Ագրա, Ջայպուր, Մադրաս, (Չեննայի), Վարանաս: «Ճամփորդության նպատակն ավելի շատ ճանաչողական էր, որ նկարիչները ճանաչեն Հնդկաստանը և փորձ անեն պլեներային աշխատանքների»,- ասաց նա` նշելով, որ Հայաստան այցելող չորս հնդիկ նկարիչներին հյուրընկալելու են ծրագրի մասնակից հայ նկարիչները:

Ի դեպ, ցուցահանդեսին ներկայացված էին նաև Մարինե Պապյանի լուսանկարչական աշխատանքները:
Գեղանկարիչ Սուրեն Խորենյանը ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում, Հնդկաստան այցելելու առաջարկն ընդունել է միանգամից: Ասում է, որ շատ կարևոր է տարբեր մշակույթներ տեսնելը: «Օրինակ, Հնդկաստանի գեղանկարչությունը շատ բարձր մակարդակ ունի։ Մենք այցելեցինք թանգարաններ, որտեղ տեսանք հնդիկ նկարիչների շատ լավ գործեր: Մինչ այդ կարծում էի, որ շատ ավելի ուժեղ են հայազգի նկարիչները»,- ասաց նա, հավելեց նաև, որ ծրագրին մասնակցելու համար առաջարկել է նկարիչների, որոնք կարող են տեղում և արագ նկարել: Ցուցահանդեսին նրանցից յուրաքանչյուրը ներկայացրել է նվազագույնը 15 աշխատանք:

Եվ այսպես, նկարիչների միության մեծ ցուցասրահում կարելի է տեսնել Հնդկաստանը` հայ գեղանկարիչների աչքերով: Հետաքրքիր է, թե ինչպիսի՞ն կլինի Հայաստանը հնդիկ գեղանկարիչների աշխատանքներում, երբ նրանք տեսնեն մեր գեղատեսիլ վայրերը, ճարտարապետական կոթողները, մեր վանքերն ու բիբլիական Արարատը:
Հավելենք, որ նկարիչների միությունում նույն օրը տեղի ունեցավ նաև հնդկական «Ռամայանա» էպոսի հայերեն թարգմանության (թարգմանիչ` Հռիփսիմե Ներսիսյան) շնորհանդեսը:
Ցուցահանդեսի կազմակերպիչն է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև նորանշանակ դեսպան Սուրեշ Բաբուն:
«Հնդկաստանի առեղծվածային անդրադարձումները» արվեստասերները կարող են տեսել մինչև ապրիլի 18-ը:

Արմինե ՍԱՐԳՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5602

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ